ԿԱՊՈՒՅՏ ԹՌՉՆԱԶՈՒՅԳ

ԿԱՊՈՒՅՏ ԹՌՉՆԱԶՈՒՅԳ

Անկողնային այս հավաքածուն կարված է թավ հարուստ կապույտ սատինից։

Կապույտը, կարմիրից հետո, հայկական տարազների, գորգերի, ասեղնագործ գործվածքների հաջորդ՝ գերիշխող գույնն է։ Կապույտը մեծ կիրառություն ուներ ուրարտական, Վանի թագավորության որմնանկարներում, զարդարում էր պալատական որմերը։ Կապույտ ներկանյութը ստանում էին լազուրիտ քարից, որը կոչվել է Հայ քար։ Լազուրիտը կամ լաջվարդը դեռևս հին ժամանակներից է արդյունահանվել  Հայաստանում։ Ըստ սեպագիր արձանագրությունների՝ շումերների արքան Հայաստանից, ի թիվս ոսկու և արծաթի, պահանջում էր նաև լազուրիտ, որից պատրաստվում էին թագավորական զարդերն ու կնիքները։ Կապույտը երկնքի,  երկնայինի, աստվածայինի գույնն է։ Այն նաև ջրերի գույնն է, որը խորհրդանշում է ծովի անհունությունը։

Այս շքեղ կապույտ հավաքածուն ասեղնագործված է հայկական մանրանկարչության լուսանցազարդերից մի նախշով։ Բուսական մոտիվներով լուսանցազարդերը յուրահատուկ խորհուրդ ու գեղեցկություն էին հաղորդում ձեռագիր տեքստերին։ Մասնավորապես այս նախշը ոլորահյուս տերևազարդ կենաց ծառն է, վրան՝ հանդիպակաց թռչուններ, իսկ կատարին՝ շուշան։

Նմանօրինակ պատկեր բազմիցս հանդիպում է հայկական մանրանկարչության մեջ՝ տարազի գոգնոցներին, գորգերի վրա, զարդաքանդակներում և խեցեղենի վրա։ Կենաց ծառը հայկական զարդապատկերների առանցքն է, որը կյանքի, պտղաբերության, իմաստության, դրախտի, անմահության նշանակն է։ Հին շումերում կենաց ծառին փոխարինող մոտիվ ուներ երկու միահյուսված օձերի պատկերը, որը հետագայում դարձավ կադուսուսի խորհրդանիշը։ Այն խորհրդանշում է գաղտնի գիտության բանալին, որտեղ պատկերված երկու օձերը աշխարհի երկակիության նշանակն են։ Տիեզերական կենաց ծառը նաև բարու ու չարի գիտության ծառն է, որտեղ այդ երկակիությունը միահյուսված է, ինչպես միահյուսված են մեր նախշի «ճյուղերը»։

Իսկ թռչունները պատկերագրության մեջ, սովորաբար, խորհրդանշում են լրաբերներին, ավետարանիչներին։ Առհասարակ, հավք՝ նշանակում է նաև սկիզբ, հավել՝ սկսել։ Կտուցները դեպի ծառը՝ խորհրդանշում է այդ էակների՝ ճշմարտության ծառից սնվելու և սույն ճշմարտությունը տարածելու  իրողությունը։  Հավքը ծառին մոտիվը մեծ տարածում ունի մեր բանահյուսության մեջ։

Վասպուրականի ժողովրդական մի երգում, որը վերաբերում է փյունիկ թռչունին, ասվում է.
՛՛Ծառ ըմ կէր մէջ արնկին ծովիրուն, Խաւք մը կէր մեանչ էն ծովուն. Իւր պիւն շինից էն ծառը ծէրք, Գերան կ’պիրէր ախշրէն …՛՛

Share this post