ԿԱՐՄԻՐ ՇՈՒՇԱՆ

ԿԱՐՄԻՐ ՇՈՒՇԱՆ

Անկողնային այս հավաքածուն կարված է բարձրորակ գինեկարմիր գույնի բամբակե գործվածքից։

Կարմիրը` հայկական ավանդական տարազից մինչև գորգեր ու գործվածքներ, գերիշխող գույնն է եղել: Անհիշելի ժամանակներից որդան կարմիր միջատից այդ ներկը ստանում էին Արարատյան դաշտավայրում, որի համար էլ հաճախ հեռավոր երկրներում «Հայոց աշխարհի»-ի փոխարեն օգտագործում էին «Որդան կարմիր երկիր» արտահայտությունը։ Չափազանց կայուն որդանով ներկում էին ամենաբարձրորակ գործվածքները։ Պատահական չէ, որ շնորհիվ որդանի արտահանման,

Եվրոպայից մինչև Չինաստան` կարմիրը դարձավ արքունական հագուկապի հիմնական գույնն ու խորհրդանիշը։ Իսկ Գրիգոր Տաթևացու երկերում կարմիրը հիշատակվում է իբրև արիության և մարտիրոսության գույն։ Կարմիրը հայո՛ց գույնն է, արյա՛ն գույնն է, կյանքի՛ գույնը։ Այս կարմիր հավաքածուի վրա ասեղնագործված զարդամոտիվը հայկական XI-XIII րդ դդ. մանրանկարչության լուսանցազարդերից է։ Ոլորահյուսք նախշերի այս դրվագը պատկերում է բացված շուշան։ Բոլորիս հայտնի fluer-de-lis հերալդիկ լիլիան մաքրության և արքունական իշխանության նշանակն է եղել դեռևս հազարամյակներ առաջ։

Այն հանդիպում է մեսոպոտամյան կնիքների, եգիպտական որմնաքանդակների, միկենյան խեցեղենի, գալլերի դրամների, սասանյանների գործվածքների, հնդկացիների հագուստներին վրա, ինչպես նաև՝ ճապոնական հերալդիկայում։ Հետագայում այն ներառվում է նաև քրիստոնեության մեջ՝ խորհրդանշելով Սուրբ Աստվածամորը, իսկ Քրիստոս հաճախ պատկերվում է հենց շուշանի կենտրոնում։ Շուշանի զարդամոտիվ բազմիցս հանդիպում է նաև Վանի ասեղնագործության մեջ։ Հարսանեկան ծեսի ժամանակ փեսային՝ Թագավորին գովերգող երգերում, նրան վարդ, մեխակ, շուշան են «բերում»։

Վանի ֆոլկլորին բնորոշ հարսանեկան մի երգում ասվում է. «Կուգամ, յար նստեր վըր խոտին, շուշան ցանեմ ես քյո ոտին, թևքս կեղնի մեջքիդ գոտին տեր-տեր կօրշնի մեր նարոտին»։

Share this post