ՀՅՈՒՍՎԱԾ ԽԱՉ

ՀՅՈՒՍՎԱԾ ԽԱՉ

Սպիտակեղենի այս փիրուզագույն հավաքածուն զարդարված է ոսկեգույն ասեղնագործությամբ, որը պատկերում է հայկական զարդաքանդակներում և մանրանկարչության մեջ տարածված հավասարաթև հյուսված խաչը։

Խաչը Քրիստոնեական ինքնության նշանն է, Քրիստոսի՝ խաչի միջոցով փրկագործության պատկերումը։ Վաղքրիստոնեական շրջանում որպես երկրպագության և պատերագրության նշան կիրառական էր հենց հավասարաթև կամ այսպես կոչված՝ հունական խաչը։ Քրիստոնյա Հայաստանի ամենահին փաստագրված խաչերը մենագրային խաչերն են` ներառված շրջանի կամ դափնեպսակի մեջ, ինչպես որ մեր ասեղնագործ զարդանախշում է։ Իսկ ձգված առանցքով հայկական խաչը կամ լատինական խաչը տարածում գտավ մի փոքր ուշ` 5 րդ․դ կեսերից սկսած, և ծաղկած եզրերով վերածվեց Հայ Առաքելական Եկեղեցու խորհրդանիշի և խաչքարերի բովադակությունը կազմող սալաձև խաչարձանի։ Մինչդեռ հավասարթև խաչը շարունակեց մնալ Եկեղեցու գանձ և ագուցվել հոգևորականների հագուստին և եկեղեցիների որմերին։ Հայկական միջնադարյան նշանագրերում խաչբառը գաղափարագրվել է հենց հավասարթև խաչով՝ մահիկաձև եզրերով։

Հավասարաթև խաչը և խաչն՝ ընդհանրապես, վաղնջական ժամանակներից եկող նշան է։ Հայկական նախնադարյան ժայռապատկերներում բազմաթիվ են հավասարաթև խաչի, ինչպես նաև՝ դրա ութաթև և շրջագծված տարբերակի նշանները:

Վերջինս մեկնաբանվում է որպես անիվ կամ երկրագնդի պատկերում, որի չորս թևերը խորհրդանշում են աշխարհի չորս կողմերը և տիեզերքի չորս տարրերը՝ օդը, ջուրը, կրակը, հողը։ Ժայռապատկերներում բազմաթիվ են նաև խաչի պտույտը պատկերող կեռ խաչի նշանները, որոնք խորհրդանշում են արևը, հավերժությունը։ Հայոց նշանագրերում հավասարթև խաչը՝ անկյուններում չորս կետեր, գաղափարագրել է աստղ բառը։

Նման ութաթև արև-աստղը, որ պատկերում է երկինք-Աստծուն և շումերական սեպագրերում նշանակում է աստված, տիեզերք, խորհրդանշել է հին կրոնների գերագույն աստվածներին՝ Մադուկից մինչև Արամազդ, Յուպիտեր, Զևս։ Թե’ հավասարթև խաչը, և թե’ աստղախաչը առատորեն պատկերված են հայկական գորգերում, զարդաքանդակներում, ասեղնագործության և մանրանկարչության մեջ։ Հատկանշական է Տիգրան Մեծի թագի վրա պատկերված ութաթև խաչաստղը, ում դրամի վրա ամրագրված է «արքայից արքա աստվածայինդ Տիգրան»։

Հայերենում խաչը կապված է խոչ, խեչ, արմատների հետ, որ նշանակում է փայտ, ցից, նաև՝ Khet արմատի հետ, որը ծառի ճյուղ իմաստն ունի։ Պատահական չէ, որ խաչը նշանակում  է նաև տիզերական, կենաց ծառ։

Երկու խաչվող հարթությունների՝ նյութականի ու հոգևորի, ժամանակի ու տարածության հատումը աշխարհի արարման տիեզերական կառուցվածքի հիմքն է, սկիզբը, որի նշանակությունը՝ հավ (սկիզբ) իմաստով, կրում է աշխարհի ամենահին համաստեղություններից «երկնային խաչ» կոչվող կարապի խաչապատկեր աստղանիշը։

Share this post