ՀՐԵՇՏԱԿԱԹԵՎ

ՀՐԵՇՏԱԿԱԹԵՎ

Մեր այս ճերմակ հավաքածուի կարմիր ասեղնագործությունը հայկական միջնադարյան մանրանկարչության լուսանցազարդ է՝ Աղթամարի 1333 թ․ձեռագրից։

Մանրանկարներով են զարդարված տարբեր դարերից մեզ հասած շուրջ 25 հազար հայկական ձեռագրերի մեծ մասը։ Մանրանկարիչները, որոնց հայերս ծաղկող ենք կոչում, ձեռագիր մատյանները գեղազարդում էին անվանաթերթերով, խորաններով, լուսանցազարդերով, պատմողական թեմատիկ տեսարաններով։ Հայկական մանրանկարչության՝ մեզ հասած առաջին նմուշները պատկանում են 6-7-րդ դարերին։ Մանրանկարներով ձեռագրերը, որոնց մեծ մասը Ավետարաններ էին, ծաղկում ապրեցին 13-րդ դարում։

Տարբեր դարերում հայկական մանրանկարչությունը առանձնացել է ոճերի և դպրոցների բազմազանությամբ, որոնցից առավել հայտնի են Փոքր Հայքի, Անիի, Կիլիկիայի, Բարձր Հայքի, Արցախի, Գլաձորի, Տաթևի, Վասպուրականի, Նախիջևանի դպրոցները՝ յուրաքանչյուրն իր ուրույն ոճով և ավանդույթներով։

Տարբեր ժամանակների ու կենտրոնների ձեռագրերը պատկերում են այնպիսի տաղանդավոր մանրանկարիչների ստեղծագործություններ, ինչպիսիք են՝ Թորոս Ռոսլինը, Իգնատիոսը, Սարգիս Պիծակը, Մոմիկը, Հակոբ Ջուղայեցին և այլոք։

Մեր այս զարդամոտիվը 13-14-րդ դդ․Վասպուրականի դպրոցին է պատկանում, որին հատուկ է վաղքրիստոնական արվեստի ոգին, ինչպես նաև հայ ճարտարապետական մտքի գլուխգործոց՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու հարուստ զարդագոտիների ոճը։ 915-921 թթ․Վանա լճի Աղթամար կղզում կառուցված Սուրբ Խաչ եկեղեցին իր ուրույն դերն ու նշանակությունն է ունեցել ոչ միայն Վասպուրականի, այլև ողջ հայ գրչության և մանրանկարչության մեջ։ Մեր նախշի հրեշտակաթև տերևանախշերը հարևնման են վանքի կամարազարդերին։ Հրեշտակաթև են նաև վանքի հարթաքանդակների առյուծները, խոյը, գորիֆոնը։

Վերջինս ուրարտական մշակույթին բնորոշ երկու թագավորական կենդանիների՝ առյուծի և արծվի մարմնավորումը պատկերող հիբրիդային կենդանի է, որը, հավանաբար, խորհրդանշել է հենց արքաներին, որոնց հնում կիսաստվածներ էին կարծում։ Գրիֆոն բառը, հավանաբար, հին հունարեն gryphs-ից է առաջացել, որ կեռկտուց է նշանակում։

Գրիֆոնի ամենավաղ պատկերումները հանդիպում են միջագետքյան մշակույթում, ուր աքքադական թևավոր արածը՝ karubu, նշանակում է օրհնել, իսկ karibu՝ ‹‹նա, ով օրհնում է››։

Այս արմատից է լատիներեն և հին եբրայերեն cherub-ը, որ թևավոր  հրեշտակն է, հայերեն նույն ՝ Քերովբեն։

Share this post