ՄԱՆՈՒՇԱԿՆԵՐԻ ՇԱՐ

ՄԱՆՈՒՇԱԿՆԵՐԻ ՇԱՐ

Մեր այս մոխրագույն հավաքածուի վրա առկա զարդանախշը ոգեշնչված է հայկական մանրանկարչությունից, մասնավորապես՝ 1654 թ․ Շարակնոցից, որը ծաղկող Աստվածատուրի ձեռքի գործն է։

Մեզ հասած խազագրված շարականներից հնագույնը թվագրվում է տասներեքերորդ դարով։ Ինչպես որ շարականն է երգերի շարք, այնպես էլ այս նախշը պատկերում է ոլորահյուս ծաղիկների շարան։ Միմյանց միահյուված օղակաձև ծաղկային նախշում ոճավորված շուշաններ են, բողբոջներ, իսկ կենտրոնում՝ մանուշակներ։ Ի թիվս վարդի ու շուշանի, մանուշակը հայերիս խորհրդապաշտական ծաղիկներից է։

Մանուշակը Հայաստանում ամենուր է աճում և որպես գարնանամուտի խորհրդանիշ՝ չափազանց մեծ նշանակություն ունի հայ ազգագրական բանահյուսության մեջ։ Բութանիայի, Խլաթի, Սեբաստիայի, Վասպուրականի, Արցախի և այլ շրջանների ծիսական երգերում, առասպելներում, հեքիաթներում մանուշակը կապվում է կանանց, աղջիկների, դիցուհիների հետ։

Ակնի և Սեբաստիայի միջև գտնվող Պարտիզակ գյուղում, օրինակ, որ հայտնի էր իր Մանուշակ Սրբատեղիով, հավատալիք կար՝ իբր տեղի մենակյացի օրհնանքով է, որ գյուղը միշտ լի էր հղի կանանցով ու բազում երեխաներով։

Մանուշակ են նվիրել նաև հարսանիքի ժամանակ, կիրառել այն՝ իբրև սիրային հմայություն, դրել դոշակի տակ․
«Տղա, տղա, մեր մշակ, Էրթեանք քեաղյենք մանուշակ, պիրեյնք զանեյնք մեր Դէօժակ»։

Նույնիսկ պարերի շարքում ունենք Մանուշակ՝ քնքուշ ու կոկետ կենտապար, որ գրի է առել Կոմիտասը։ Մանուշակը կապում էին կապույտ հուլունքի հետ՝ որպես չարխափան նշան։ Քրիստոնեությունն այս ծաղիկը Տիրամոր հնազանդության խորհրդանիշ է դիտարկել: Պատահական չէ, որ մանուշակագույնը հայ հոգևոր բարձրաստիճան սպասավորների սքեմների աստառի գույնն է՝ որպես Աստծուց տրված բարձրագույն իշխանության նշան, որ կրում են ի մասնավորի ծայրագույն վարդապետները, եպիսկոպոսները և կաթողիկոսը։ Քանի որ այն աճում է բարձրահասակ բույսերի ստվերում, մանուշակը բարիք գործող, բայց իր արժեքն ի ցույց չդնող՝ համեստության և ամոթխածության խորհրդանիշ է։

Երևանյան ֆոլկլորի մի երգում առավել քան գեղեցիկ է բնութագրվում քնքուշ ու խորհրդավոր մանուշակը․

«Մանուշակ էիր պարտեզում բացված, Դու երազ էիր ինձ համար դարձած, Ու ծնվել էիր մութ ամպերի տակ, Բայց դու իմն ես, իմը, Մանուշակ իմ միակ,
Մանուշակ էիր պարտեզում բացված, Կապույտ շորերով նորահարս դարձած, Բայց անգութ քամին քեզ թփից պոկեց, Եվ այրվող իմ սիրտը նոր վերքով լցրեց»։

Share this post