ՈՒՐՖԱՅԻ ԾԱՂԻԿՆԵՐ

ՈՒՐՖԱՅԻ ԾԱՂԻԿՆԵՐ

Անկողնային այս կանաչ հավաքածուն ոգեշնչված է Ուրֆայի սքանչելի ասեղնագործությունից և պատկերում է դրան բնորոշ գույնզգույնծ աղիկները։

Ուրֆա, Ուռհա քաղաքը կամ պատմական Եդեսիան գտնվում է Միջագետքի հյուսիսում՝ Մեծ Հայքի հարավ-արևմտյան կողմում։ Այն գոյություն է ունեցել մակեդոնական տիրապետությունից առաջ։ Հելլենիստական շրջանում եղել է Հայոց Միջագետքի մ այրաքաղաքը։ Քաղաքը քրիստոնեության օրրաներից է եղել։

Դարեր շարունակ տարբեր տիրապետությունների տակ գտնվող Ուրֆան միշտ ունեցել է հոծ հայբնակչություն։ Քաղաքը նշանավոր է Մեծ Եղեռի ժամանակ Օսմանյան բանակի դեմ իր հերոսամարտով, որի ավարտին, սակայն, ավերվեցին հայկական թաղամասերը, հազարավոր հայեր նահատակվեցին ու աքսորվեցին։ Ցեղասպանությունից փրկված կանայք ու մանուկները Սիրիայում, Լիբանանում ասեղնագործությամբ էին պահպանում իրենց գոյությունը և ժառանգներին փոխանցում արհեստի գաղտնիքները:

Երբեմնի արհեստներով հարուստ Ուրֆայի մշակույթը այսպիսով շարունակեց ապրել՝ վերապրածների միջոցով մեզ հասցնելով Ուրֆայի չքնաղ ասեղնագործությունը։ Այսօր էլ ձեռագործը Հալեպի հայ ասեղնագործուհիների ընտանեկան ավանդույթի մաս է կազմում։

Իսկ Ուրֆայի ասեղնագործությունը հայկական ավանդական ասեղնագործության հիմնական ճյուղերից մեկն է՝ իր ուրույն կարով ու ջերմ, ֊հուզաթաթավ գույներով։ Այն ավանդաբար գործվում էր մետաքսաթելերով, արծաթեթելով և ոսկեթելով՝ «մանուսա» բամբակե կտորի վրա։ Հայտնի են Ուրֆայի կարի տասնյակից ավելի տեսակներ։

Ուրֆայի ասեղնագործությանը հիմնականում բնորոշ են ոճավորված բուսածաղկային մոտիվներն ու թռչունների պատկերները։ Մեր հավաքածուի վրա ասեղնագործված երկու գունեղ երիզված ծաղիկները մեխակներ են հիշեցնում, որը Եդեսիայում նույնպես տարածված է։ Նման երկնագույն, վարդագույն աստղածաղիկներ Ուրֆայի նմուշներում հաճախ կտեսնես։

Սակայն պարտադիր չէ, որ վարպետներն իրական ծաղիկ պատկերեին, ինչպես հաճախ՝ խորհրդանիշ վարդը, շուշանը, մանուշակը։
Երբեմն դրանք պարզապես երևակայական ծաղիկներ էին՝ նման մեր թագավորագովքերի առասպելական ծաղիկներին․

«Թագաւորին ծաղիկ պիտէր ծաղկունակ, Ծաղիկ ինչենի  պիտէր ծաղկունակ․․․Ծաղիկ համասփիւռ պիտէր ծաղկունակ․․․Ծաղիկ պրաբեօն պիտէր ծաղկունակ …Ծաղիկ նունուֆար պիտէր ծաղկունակ»։ Պատահական չէ, որ հայերենում «զարդարելը» համազոր է «ծաղկեցնելուն», «ծաղկելուն», իսկ նկարիչն էլ՝ «ծաղկող է»։

Share this post